Sunday, March 17, 2013

Նուրբ զգայնություն, դիտող աչք և արտիստիկ մաներներ. Գևորգ Բաշինջաղյան


Իմ գրեթե բոլոր հուշերն սկսվում են Թիֆլիսից,-գրում է Ստ Զորյանը: 19-րդ դարի սկզբից Թիֆլիսում սկսվեց գրական-կուլտուրական մի շարժում, որը գնալով լայն ծավալ ստացավ, գրավելով արևելահայերի բոլոր կենսունակ ուժերը, որոնք և սերնդից սերունդ այդ կենտրոնում դարբնում էին հայ գրականությունն ու կուլտուրան` իր տարբեր երանգավորումներով:

Բաշինջաղյանը ևս հիմնականում ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, իսկ 1899–1901-ին՝ Փարիզում: Մոտ 40 տարի ցուցահանդեսներ է կազմակերպել Կովկասի հայաբնակ քաղաքներում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում ու Փարիզում: Շուրջ 1000 նկարի հեղինակ է, որոնց մեծ մասը բնանկար է:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Ստ. Զորյանի «Հուշերի գրքից» Բաշինջաղյանին նվիրված մի փոքրիկ հատված:
 Միջահասակ էր` նուրբ, համաչափ կազմվածքով և գեղեցիկ գլխով, որը զարդարված էր գանգրաձև, բայց արդեն ալեխառն մազերի պսակով: Երբ իր մանր, փութկոտ քայլերով և ուշադիր հայացքով անցնում էր Թիֆլիսի գլխավոր-նախկին Գոլովենսկի, աժմյան Ռուսթավելի-պողոտայով` մեծ բազմության մեջ նա աչքի էր ընկնում իր կիրթ շարժուձևով և փոքր-ինչ երազուն նայվածքով, ուստի և նրան տեսնողը ուրիշ բան չեր կարող ենթադրել, եթե ոչ միայն այն, որ այդ մարդը արվեստագետ է: - Այնքան պրոֆեսիան իր կնիքն էր դրել նրա վրա` նուրբ զգայնությունը, դիտող աչք և արտիստիկ մաներներ…
Գուցե և այդ ամենը բնածին էր և կապված չէր պրոֆեսիայի հետ, համենայն դեպս նա հարաբերությունների մեջ էլ կիրթ էր, նրբանկատ ու համակրելի. բավական էր մի անգամ խոսեիր հետը և այնուհետև հարգանքի ու համակրանքի զգացումներով էիր տոգորվում դեպի նա:
 Մեր անվանի նկարչին ես ծանոթացա այն ժամանակ, երբ նա հիսունն անց, մեծ համբավի տեր արվեստագետ էր` հայտնի ոչ միայն հայերի, այլև Թիֆլիսի բազմազգ ժողովրդի մեջ: Հայտնի և սիրված: Կարելի է ասել նույնիսկ` այդ տարիներին նա ամենաժողովրդական նկարիչն էր մեզանում: չնայած կային ուրիշ նկարիչներ էլ` ոչ պակաս տաղանդով:
 Այդ համբավին էլ` ու սիրուն նպաստում էր անշուշտ և այն, որ Բաշինջաղյանը, իր արվեստով զբաղվելուց զատ, մասնակցում էր մեր հասարակական կյանքին, մամուլում հանդես էր գալիս պատմվածքներով ու հոդվածներով: Հաճախ կազմակերպում էր ցուցահանդեսներ: Նրա ցուցահանդեսները, հիշում եմ, տոնի պես բան էին լինում հասարակության համար, առանձնապես դեմոկրատ խաղերի համար: Երբ թերթերում հայտարարություն էր տպվում, թե այսինչ օրը բացվելու է Բաշինջաղյանի ցուցահանդեսը` քաղաքացիները` երիտասարդ թե ծեր, մտավորական թե աշակերտ, - իրար հաղորդում էին որպես ուրախ մի լուր.
- Բաշինջաղյանի ցուցահանդելը բացվում է: Պետք է գնալ:
Ու գնում էին խմբերով` սիրով, հետաքրքիր. ոչ միայն հայեր, այլև վրացիներ, ռուսներ: Եվ նկարիչը սիրալիր ու պատրաստակամ յուրաքանչյուրին բացատրություն էր տալիս նրա մայրենի լեզվով, երբեմն առաջարկելով նրանց իր դիտակը, հրավիրելով այս կամ այն նկարը դիտել ավելի հարմար դիրքից` հեռվից կամ մոտից, և միշտ կիրթ շարժումներով, դուրեկան, հյուընկալ ժպիտը դեմքին: Իսկ ընդհանրապես` նա քաշվում էր ցուցահանդեսի մի անկյունը և դիտում, գուցեև ուսումնասիրում այցելուներին իր խոհուն աչքերի հայեցական նայվածքով:

No comments:

Post a Comment