Saturday, March 16, 2013

Արևը սիրել` նշանակում է սիրել աշխարհը. Մարտիրոս Սարյան


Մարդը տիեզերքի ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման հավերժական ձգտումի աստիճանական իրագործման արտահայտությունն է: Ըստ այդմ էլ, բանական բարձրագույն էակի հիմնական զբաղմունքն ու նպատակը համատիեզերական անսկիզբ-անվերջ աշխարհի զգայումը, վերափոխում-ստեղծագործումն է:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Մարտիրոս Սարյանի «Արվեստի մասին» գրքից մեկ հատված:

Աշխարհում ամենից ավելի արևն եմ սիրում:Ես արևն ամենից ավելի սիրել եմ նույնիսկ իմ պատանեկության հեռու-հեռավոր տարիներին, երբ բանի տեղ չես դնում բնության հրաշք-պարգևները: Արևի հետ է կապված իմ կյանքը, իմ ամբողջ ստեղծագործությունը: Քանզի այն ամենը, ինչ սիրել ու սիրում եմ, այն ամենը, ինչ ինձ հիացմունք և բերկրանք է պատճառել, այն ամենը, ինչ նկարել և նկարում եմ, - այդ ամենը ծնունդն է արևի, ջերմացած է նրա լույսով: Հիմա, երբ իմ ստեղծագործ պատանեկության նկարներին նայում եմ ժամանակի բազմազեհ պրիզմայի միջով, շատ բան դրանց մեջ երբեմն ինձ անկատար է թվում: Եվ, այնուհանդերձ, ուրախալի է, որ կյանքիս երկար տարիներին արվեստում չեմ դավաճանել իմ կուռքին` արևին:
Արևը սիրել` նշանակում է սիրել աշխարհը, սիրել հողը և այն ամենը, ինչ կա այդ հողի վրա: Եվ մարդիկ էլ անմար լուսատուի զավակներն են: Արվեստագետն ամենաերջանիկն է մահկանացուներից: Նրան շնորհված է բնությունն ու մարդկանց փառաբանելու մեծ կարողություն. նա շարունակ հիշեցնում է մարդկությանը, որ բնությունը բարի է, որ այն կոչ է անում մեզ ապրել խաղաղության ու համերաշխության մեջ:
Ես արդեն ութսունվեց տարեկան եմ: Կյանքում ինձ վիճակվել է հանդիպել նաև չար մարդկանց, վշտանալ ու դառն ապրումներ ունենալ հարազատներիս ու մերձավորներիս համար, կիսել իմ ժողովրդի ճակատագիրը: Սակայն ինձ երբեք չի լքել մարդու բարության նկատմամբ հավատը: Մարդն աշխարհ է եկել բարի գործերի համար` ահա հումանիզմի մեծ էությունը, ահա ինչպես եմ պատկերացնում իսկական արվեստագետի հավատամքը: Այստեղից էլ պետք է մոտենալ բանաստեղծի և նկարչի քաղաքացիական պարտքի հասկացությանը:

No comments:

Post a Comment