Monday, March 11, 2013

Օգյուստ Ռոդեն. Կտակ




19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդեն:




Երիտասարդնե՛ր, որ ցանկանում ենք գեղեցկության սպասավորները դառնալ, դուք, հնարավոր է, ուրախ կլինեք այստեղ գտնելու երակարատև փորձառության ամփոփումը:
Ակնածանքով սիրեցեք այն վարպետներին, որոնք նախորդել են ձեզ:
Խոնարհվեցեք Ֆիդիասի ու Միքելանջելոյի առջև: Զմայլվեցեք մեկի աստվածային պարզությամբ և մյուսի դաժան տառապանքով: Զմայլանքը լավ գինի է ազնիվ մտքերի համար:
Զգուշացեք, սակայն, ձեր նախորդներին ընդօրինակելուց: Հարգելով ավադույթը` կարողացեք կռահել այն հավիտենապես բեղմնավորը, որ նա պարունակում է իր մեջ. բնության սերն ու անկեղծությունն այն է, ինչին կրքոտությամբ կոչ են արել բոլոր հանճարները: Նրանք բոլորն էլ պաշտել են բնությունը և երբեք չեն ընդունել կեղծիքը: Այդպիսով, ավանդույթն այստեղ բանալի է տալիս, որը ձեզ կօգնի խուսափելու հնամոլությունից:  Նա ձեզ առաջարկում է միշտ դիմել իրականությանը, բայց արգելում է կուրորեն հետևել որևէ վարպետի:
Թող ձեր միակ աստվածուհին բնությունը լինի: Անսահման հավատ ընծայեցեք նրան: Իմացե՛ք, որ այն երբեք այլանդակ չի լինում. Հավատարիմ մնացեք նրան` չվախենալով զոհաբերել ձեր փառասիրությունը:
Արվեստագետի համար ամեն ինչ գեղեցիկ է, որովհետև յուրաքանչյուր էակի, յուրաքանչյուր իրի մեջ նրա խորաթափանց հայացքը խառնվածք է հայտնագործում, այսինքն` այն ներքին ճշմարտությունը, որը լուսարկում է արտաքին ձևի միջոցով: եվ այդ ճշմարտությունն ինքը գեղեցկությունն է: Ակնածանքով ուսումնասիրեցեք և այդ որոնումների մեջ դուք անպայման կգտնեք այն, կհասնեք ճշմարտության:
Աշխատեցեք ամենայն նվիրվածությամբ:
Դուք` քանդակագործներդ, ձեր մեջ զարգացրեք խորության ըմբռնումը: Չէ՞ որ մեր բանականությունը լոկ դժվարությամբ է այն ընկալում: Նա իրեն պարզորոշ է պատկերացնում միայն մակերեսները: Նա ի վիճակի չէ պատկերացնել ձևերը նրանց ծավալայնության մեջ: Բայց հենց դա է ձեր խնդիրը:
Նախ և առաջ հստակորեն նշեցեք այն կերպարների հիմնական պլանները, որ դուք քանդակում եք: Հատկապես շեշտադրեցեք այն ուղղվածությունը, որ դուք ուզում եք հաղորդել մարմնի յուրաքանչյուրի մասին` գլխին, ուսերին, ոտքերին: Արվեստը համարձակություն է պահանջում: Գծերի լավ ընդգծված վազքով դուք խորասուզվում եք տարածության մեջ և տիրում  խորությանը: Երբ ձեր պլանները որոշված են, ամեն ինչ գտնված է: Ձեր արձանն արդեն ապրում է: Մանրամասները ծնվում և տեղավորվում են հետո ինքնին:
Երբ դուք ծեփակերտում եք, երբեք մի՛ մտածեք մակերեսայնորեն, այլ միայն խորությամբ:
Թող ձեր բանականությունը յուրաքանչյուր մակերես ընկալի որպես ծավալի թաղանթ, որը նա արտամղում է ներսից: Պատկերացրեք, որ բոլոր ձևերը կարծես թե դեպի ձեզ են ուղղված: Ամեմ մի կյանք գոյանում է իր ներսում, բայց հետո զարգանում է, ներսից դեպի դուրս բացվում: Հավասարապես լավ քանդակի մեջ էլ միշտ կռահում ես ներքին հզոր իմպուլսը: Դրանում է անտիկ արվեստի գաղտնիքը:
Դուք` նկարիչներդ, նույնպես դիտեցեք իրականությունն իր ամբողջ խորությամբ: Նայեցե՛ք, օրինակ, Ռաֆայելի նկարած դիմանկարին: Երբ այդ վարպետը մարդուն պատկերում է դեմից, որոշ չափով թեքում է նրա կուրծքը. այդպիսով նա երրորդ չափումի պատրանք է ստեղծում:
Բոլոր վարպետներն ուսումնասիրում են տարածությունը: Հենց ծավալի իմացության մեջ է նրանց ուժը: Մի բան հիշեցե՛ք. չկան գծեր, կան միայն ծավալներ: Եվ երբ նկարում եք, երբեք մի՛ մտածեք ուրվագծերի մասին, այլ հոգ տարեք միայն ռելիեֆի մասին: Չէ՞ որ հենց ռելիեֆն է ղեկավարում ուրվագիծը:
Անընդհատ վարժվեցեք. Հարկավոր է հմտանալ արվեստում:
Արվեստը ոչ այլ ինչ է, քան զգացմունք: Բայց առանց ծավալների, համամասնությունների, գույնի իմացության և առանց հմուտ վրձնի ամեն մի կենդանի զգացմունք կջլատվի: Ի՞նչ սպասելիք ունի նույնիսկ մեծագույն բանաստեղծը օտար երկրում, որի լեզուն նրան անծանոթ է: Դժբախտաբար արվեստագետների նոր սերնդի մեջ շատ կան այդպիսի բանաստեղծներ, որոնք չեն ուզում սովորել արտահայտել իրենց մտքերը: Հենց այդ պատճառով էլ մենք նրանցից միայն փնթփնթոց ենք լսում:
Ավելի համբերություն: Հույսը մի դրեք ոգեշնչման վրա: Առհասարակ գոյություն չունի ոգեշնչում: Նկարչի միակ առաքինություններն են իմաստնությունը, ուշադրությունը, անկեղծությունը, կամքը: Ձեր գործը կատարեցեք որպես ազնիվ աշխատավորներ:
Ճշմարտացի եղեք, երիտասարդնե՛ր: Բայց դա չի նշանակում, թե տափակորեն ստույգ եղեք: Մանրակրկիտ ճշմարտությունը լուսանկարչության ու մուլյաժի ճշգրտությունն է: Արվեստը ծնվում է միայն այնտեղ, որտեղ կա ներքին ճշմարտություն: Թող ձեր բոլոր գույները, ձեր բոլոր ձևերը զգացմունքների արտահայտմանը ծառայեն:
Արվեստագետը, որը բավարարվում է իրականության ճշգրիտ պատկերմամբ և ստրկորեն վերարտադրվում նույնիսկ ամենաաննշան մանրամասները, երբեք իսկական վարպետ չի դառնա: Եթե եղել եք իտալական որևէ գերեզմանոցում, դուք, անշուշտ, նկատել եք, թե ինչպիսի պարզամտությամբ են մահարձաններ ստեղծողները ձգտում իրենց արձաններում ընդօրինակել ասեղնագործությունը, ժանյակները կամ հյուսված մազերը: Դրանց հեղինակները, գուցե և ճշտակատար են, բայց նրանք անկեղծ չեն, որովհետև նրանց հոգիներն այստեղ չեն երևում:
Մեր համարյա բոլոր քանդակագործները հիշեցնում են իտալացի այդ արձանագործներին: Հասարակական  վայրերում կանգնեցված հուշարձաններում սերթուկներից, սեղաններից, պատվանդաններից, աթոռներից, մեքենաներից, բալոններից և հեռագրասյուններից բացի ուրիշ ոչինչ չես տեսնի: Դրանցում ներքին ճշմարտություն չկա, նշանակում է` արվեստ էլ չկա: Վախեցեք նման խլամից:
Եղեք խոր ու անհաշտ ճշմարտացի: Երբեք մի՛ վախեցեք արտահայտել այն, ինչ դուք զգում եք, եթե նույնիսկ ձեր մտքերը հակասում են ընդունված կարծիքին: Թերևս դուք անմիջապես հասկանալի չեք լինի: Բայց ձեր մենակությունը շատ կարճատև կլինի: Շուտով դուք բարեկամներ կունենաք, քանզի այն, ինչ խորապես ճշմարտացի է մեկի համար, ճշմարտացի է և բոլորի համար:
Ոչ մի ծամածռություն, ոչ մի կեղծավորություն հասարակություն գրավելու համար: Ավելի պարզություն ու բնականություն:
Լավագույն սյուժեները նրանք են, որոնք մեզ ամենից լավ են ծանոթ:
Ինձ համար սիրելի է մեծն Էժեն Կարրիերը, որը շատ վաղ հեռացավ մեզանից, իր հանճարը դրսևորեց` պատկերելով իր կնոջն ու երեխաներին: Նա ստեղծագործության գագաթնակետին հասավ` փառաբանելով մայրական սերը: Իսկական վարպետը նա է, ով իր աչքերով նայում է շրջապատին և ով կարողանում է գեղեցկություն գտնել նույնիսկ սովորական, ուշադրություն չգրավող երևույթների մեջ:  Իսկ վատ արվեստագետները միշտ ուրիշի ակնոցներով են նայում:
Արվեստագետի համար ամենագլխավորն է լինել հուզված, սիրել, հուսալ, դողդողալ, ապրել: Ամենից առաջ մարդ լինել և հետո միայն արվեստագետ: «Իսկական պերճախոսությունը ծիծաղում է պերճախոսության վրա»,- ասել է Պասկալւ: Իսկական արվեստը ծիծաղում է արվեստի վրա: Այստեղ ես նորից եմ վերադառնում Էժեն Կարրիերին: Ցուցահանդեսներում նկարների մեծ մասը ոչ այլ ինչ է, քան գեղանկարչություն. այս ֆոնի վրա Էժեն Կարրիերի նկարները դեպի կյանք բացված պատուհաննե են:
Ընդունեցե՛ք արդարացի քննադատությունը: Դուք հեշտությամբ կճանաչեք այն: Արդարացի է այն քննադատությունը, որը հաստատում է ձեզ համակած տարակուսանքները: Բայց տեղ մի՛ տվեք այն քննադատությանը, որին ընդդիմանում  է ձեր գիտակցությունը:
Մի՛ վախեցեք անարդարացի քննադատությունից: այն առաջ կբերի ձեր բարեկամների զայրույթը, կստիպի նրանց մտածել համակրանքի մասին, որ նրանք տածում են ձեր հանդեպ, և նրանք ավելի վճռականորեն կարտահայտեն այն համակրանքը, երբ ավելի խորը իմանան դրա դրդապատճառները:
Եթե ձեր տաղանդը նոր է, սկզբում հույս մի՛ դրեք մեծաթիվ կողմնակիցների վրա, ընդհակառակը, դուք բազմաթիվ թշնամիներ կունենաք: Բայց մի՛ հուսալքվեք: Կհաղթանակեն առաջինները, որովհետև նրանք գիտեն, թե ինչի համար են ձեզ սիրում, իսկ երկրորդները չեն մտածում, թե ինչու են ձեզ ատում. առաջիններիը ճշմարտության կրքոտ ջատագովներ են և շարունակ նոր կողմնակիցներ են հավաքագրում, երկրորդները նվազագույն ջանք չեն դրսևորում, որպեսզի պաշտպանեն իրենց կարծիքը. առաջինները հաստատուն կերպով իրենցն են պնդում, երկրորդները քթները քամուն են բռնել: Ճշմարտության հաղթանակն անտարակույս է:
Ժամանակ մի՛ կորցրեք աշխարհիկ կամ քաղաքական կապեր հաստատելու վրա: Դուք գիտեք, որ ձեր եղբայրակիցներից շատերը ինտրիգների միջոցով փառքի ու հարստության են հասնում, բայց դրանք իսկական արվեստագետներ չեն: Սակայն նրանցից ոմանք շատ խելոք են, և եթե դուք ձեր մտքին դնեք պայքարել նրանց դեմ նրանց ոլորտում, ապա, ինչպես և նրանք, դուք դրա վրա ավելի շատ ժամանակ կկորցնեք, այլ կերպ ասած` ձեր ողջ կյանքը. դուք ոչ մի ազատ րոպե չեք ունենա, որպեսզի արվեստագետ դառնաք:
Կրքոտությամբ սիրեցեք ձեր կոչումը: Դրանից ավելի գեղեցիկ ոչինչ չկա: Այն շատ ավելի վսեմ է, քան կարծում է քաղքենին:
Արվեստագետը մեծ օրինակ է տալիս: Նա պաշտում է իր մասնագիտությունը. նրա համար ամենամեծ պարգևը ստեղծագործելու ուրախությունն է: Դժբախտաբար, մեր ժամանակներում շատերն արհամարհում, ատում են իրենց աշխատանքը: Բայց աշխարհը երջանիկ կլինի միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուր մարդ արվեստագետի հոգի ունենա, այլ կերպ ասած, երբ յուրաքանչյուրն ուրախություն գտնի իր աշխատանքում:
Արվեստն անկեղծության հիանալի դաս է:
Իսկական արվեստագետը միշտ արտահայտում է այն, ինչ մտածում է` չվախենալով տրորել գոյություն ունեցող նորմաները: Դրանով իսկ նա անկեղծություն է սովորեցնում իր նմաններին:
Պատկերացրեք, թե ինչպիսի հսկայական առաջադիմության մենք կհասնեինք, եթե մարդիկ մինչև վերջ ճշմարտախոհ լիեին:
Հասարակությունը ինչպե՜ս արագորեն կտեսներ ու կդատապարտեր իր սխալները, իր մոլորությունները, այլանդակ գործերը, և ի՜նչ կարճ ժամանակում մեր երկիր դրախտի կվերածվեր:
Աղբյուր` Կտակ

No comments:

Post a Comment