Ճարտարապետ Ռաֆայել Իսայելյանը նաև «գրչի մարդ էր»; Ընդ որում, այստեղ ևս նա բազմաժանր էր, ինչպես ճարտարապետական ստեղծագործության մեջ. Գիտական հետազոտություն և քննադատական ելույթ, հոդված և ակնարկ, մտերիմ զրույց երիտասարդության հետ արվեստի մասին և արվեստակից ընկերներին նվիրված հոդվածներ` ամենուր նա խիստ սկզբունքային էր, կրքոտ, խորապես համոզված իր դիրքորոշման մեջ:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Ռաֆայել Իսրայելյանի /հոդվածներ, ուսումնասիրություներ, ակնարկներ/ ժողովածուում ընդգրկված «Մի տող Ակսել Բակունցի նամակից» գրական ակնարկը:
Ուսանող էի: 1930 թվականին Լենինգրադի դահլիճներից մեկում մոտ հարյուր հոգի հայեր էինք հավաքվել' նշելու Հայաստանի խորհրդայնացման 10-ամյակը: Երեկոն նվիրված էր հայ գրականությանը: Այդտեղ էր, որ ես լսեցի Բակունցի մասին, որին չէի տեսել (և այդպես էլ բախտ չունեցա տեսնելու):
Այդ օրերին էր, որ դժվարությամբ ձեռքս ընկավ Բակունցի «Սև ցելերի սերմնացանը»:
Լենինգրադի միշտ գորշ, ամպամած երկնքի և քաղաքի հեռավոր ուրվագծի հանդիպման տեղում, աչքիս միշտ լեռներ են երևացել: Եվ ահա մերթ այդ «լեռներին նայելով, մերթ «Սև ցելերին»` ընթերցելով խորանում ու երազում էի այն օրը, երբ նորից կկանգնեմ հայրենի հողին, մեր լեռների ակոսված լանջերին: Հողի բուրմունքն էր գոլորշու պես դեմքիս խփում այդ էջերից, լեռնային ջրերի ձայնն էր ականջներիս խշշում, խլացնելով մեծ քաղաքի անհանգիստ աղմուկը, լսում էի սրնգի ձայնն ու գեղջուկի երգը …
Եվ հայրենիքի կարոտը խեղդում էր ինձ: Ուզում էի խոսել մեկի հետ, թեթևացնել բեռս, բայց ո՞ւմ հետ … Եվ մտածեցի գրել հենց իրեն' Ակսել Բակունցին, հայտնել իմ խոր ապրումները անվերջ շնորհակալություններով: Գրեցի, ուղարկեցի նամակս և ահի մեջ ընկա. նախ որ գրածս կարող էր անհետևանք չանցնել Բակունցի և ինձ համար: Հետո` նամակս ինչպե՞ս կընդունի Բակունցը, դա, երևի, «Սև ցելերի սերմնացանի» հեղինակին կթվա անճարակ մանկան թոթովանք: Բայց նամակս անվերադարձ բռնել էր իր ճամփան դեպի Երևան:
Շատ չանցած ստացա Բակունցի պատասխանը` կարճ, մի քանի տող, որ ինձ վրա ցնցող տպավորություն թողեց: «Դուք, սիրելի Ռաֆայել, կարող եք հպարտանալ նրանով, որ Ավ. Իսահակյանը գրքիս մասին ճիշտ նույն կարծիքն է հայտնել, ինչ որ Դուք»:
Ոգևորությո՛ւն երջանկության չափ: Ուրեմն, կարողացել եմ հասկանալ Բակունցին, այն էլ այնպես, ինչպես Իսահակյանը:
Նամակը վաղուց չկա: Բայց այս տողերը, որ ինձ համար մի աստվածային պարգև էին, անգիր էի արել և մինչև հիմա հիշողությանս մեջ մնացել են անջնջելի:
No comments:
Post a Comment