Կուզեի, որ Հայաստանը չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը` ծանոթանալով իմ կտավներին: Ես շատ բնանկարներ ունեմ: Արևկող լեռնապարեր, ծաղկուն հովիտներ: Իմ սիրելի Արարատը, որ պատկերել եմ հաճախ, կանաչի մեջ թաղված տներ, և ամենուր` անպայման մարդիկ, կյանքը վերափոխող մարդիկ:
Աշխատում եմ: Աշխատելու ժամանակ չեմ մտածում: Ինչ որ նկարում եմ` Հայաստան է դուրս գալիս: Մեր լեռները, մեր ձորերը, մեր լույսը, մեր Արարատը:
Եթե նկարը չի հուզում և բարի մղումներ չի հարուցում մարդու մեջ, ուրեմն` չունի գլխավորը` կյանքի հավերժական շունչ: Ես իմ աշխատանքներում միշտ ձգտում եմ հաղորդել ապրելու երջանկության զգացումը:
Իմ կուռքն արևն է… այն ամենը, ինչ սիրել ու սիրում եմ, այն ամենը, ինչ ինձ հիացրել է և ուրախացրել, այն ամենը, ինչ ես նկարել եմ ու նկարում եմ` ամեն- ամեն ինչ ծնունդն է արևի, նրա հրով է ջերմացած:
Պաթոլոգիան արվեստո՞ւմ: Արվեստը պետք է հրճվանք պատճառի մարդուն, երջանկացնի նրան և ոչ թե հիվանդագին մտքեր, վանող զգացումներ ներարկի:
Իսկական նկարիչ լինելու համար անհրաժեշտ է, ամենից առաջ, լինել իր հայրենիքի ազնիվ քաղաքացին, լինել իր ժամանակի առաջավոր գաղափարների կրողը: Պետք է արտահայտել հասարակական այն ուժերի իդեալները, որոնք առաջ են մղում մարդկությանը, բարձրացնում նրա լավագույն գծերը և ուժ հաղորդում մարդկանց` պայքարելու հետադիմականի դեմ:
Ամեն մի իսկական արվեստագետ մեծ է այնքանով, որքանով կապված է ժողովրդին, որքանով արտահայտում է նրա պատմությունն ու ոգին: Ավելին, բարձր արվեստը, վերջիվերջո, ժողովուրդն է ստեղծում` իր զավակներից ոմանց կոնկրետ ձեռքով:
Ով կորցնում է իր ժողովրդի հատկանիշները, հողի համը, իր սուրբ լեզուն, նա կորցնում է իր բովանդակությունը, դառնում է կիսատ մարդ:
Ուսումնառության տարիներից հետո ես համոզվեցի, որ նկարիչը պետք է լինի հասարակության առաջադեմ անդամը` բարոյական իր բարձր հատկանիշներով: Էժան փառքը պետք է խորթ լինի նրան: Նա պետք է նվիրվի ժողովրդին ծառայելու մեծ իդեալին և դառնա նրա սիրտն ու հոգին:
Հսկայական, առաջնակարգ նշանակություն ունեն երկու գործոն` լույսը և գույնը <…> : Դրանց խելացի կիրառումը ձևի ոգին է:
- Ո՞ւմ եք համարում ձեր ուսուցիչը:
- Ուսուցի՞չ, ի՞նչ ուսուցիչ, ես ինքս եմ միշտ սովորում: Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի: Իսկ սովորել պետք է բնությունից: Նրանից մեծ ուսուցիչ չկա:
Ես արվեստը չեմ բաժանում արդիականի և ոչ արդիականի: Տաղանդավոր ստեղծագործությունները դուրս են գալիս ժամանակի սահմաններից, իսկ վատերը մեռնում են իսկույն: Ամենայն լավ բան իմ ճաշակով է:
Աղբյուր՝ http://www.lifeevharmony.com/2012/01/blog-post_7153.html
Աղբյուր՝ http://www.lifeevharmony.com/2012/01/blog-post_7153.html
No comments:
Post a Comment