Ստորև ձեզ ենք ներկայացնում Վիլհելմ Մաթևոսյանի «Զրույցներ Սարյանի հետ» գրքից մի փոքրիկ հատված:
Վարպետը բարձր էր գնահատում Հովհաննես Այվազովսկու և՛ կյանքը, և՛ ստեղծագործությունը:
- Իսկ նրա նկարչությունը Ձեզ անախրոնիզմ չի՞ թվում, - հարցնում եմ: - Չմոռանանք, որ նա իմպրեսիոնիստների, Գոգենի, Վան Գոգի ժամանակակիցն էր: Եթե մի փոքր ձգեր` ֆովիստների ժամանակակիցն էլ կլիներ: Այնպես էլ չէր, որ ասենք, թե մի մութ անկյունում մնացած` չգիտեր, թե ինչ է կատարվում աշխարհում:
- Ո՛չ, չի թվում, - պատասխանում է Վարպետը: - Ի՛նչ անախրոնիզմ` նա իր դարաշրջանի մեջ է: Իսկ դա, քո նշածներինը լինելուց բացի, նաև Դավիդի, Էնգրի, բարբիզոնցիների, Կորոյի, Դելակրուայի դարաշրջանն էր: Հետո` արվեստի էվոլյուցիան հո գեղարվեստական սկզբունքների միագիծ շարանով և աստիճան առ աստիճան չի՛ ընթանում, անախրոնիզմ լինելն ու չլինելն էլ տասնամյակներ ետ կամ առաջ լինելով չի՛ որոշվում:
- Է՜, Դուք պարզապես նրան ցանկանում եք արդարացնել, Վարպետ:
Այստեղ Սարյանը նույնանման կուլտուր-պատմական նոր արգումենտներ է բերում:
- Նախ, նկատի ունեցիր, որ նա ապրում և ստեղծագործում էր կոնկրետ (ռուսական իմպերիայի) միջավայրում: Եվ այս միջավայրի ժողովուրդների բազմամիլիոն մեծամասնության, այդ թվում և մտավորականության շատ ու շատ բարեկիրթ, արվեստասեր, լավը վատից տարբերվող ներկայացուցիչների համար Այվազովսկու արվեստը բոլորովին էլ անախրոնիզմ չէր: Նույնը պետք է ասել դրսի, Եվրոպայի հենց ամենազարգացած երկրների որոշակի միջավայրերի համար: Բացի այդ էլ, կարելի՞ է, ասենք, էպոխայի ֆրանսիական արվեստի պատմության խրոնոլոգիան մեխանիկորեն տեղափոխել Ռուսաստան` Պետերբուրգ, Մոսկվա, Թիֆլիս, Ղրիմ … և ըստ այդմ վճռել` ժամանակավրե՞պ է Այվազովսկին, թե՞ ժամանակավրեպ չէ: Գուցե XX դարի սկզբի ռուսական կայսրության մտավորական շրջանների մի բուռ մարդկանց, հատկապես մոսկովյան մի քանի նկարիչների ու նկարիչ ուսանողների տեսակետից անախրոնիզմ էր: Ինչո՞ւ գուցե` իրո՛ք այդպես էր: Բայց դա հո ամեն ինչ չի որոշում:
- Իսկ Ձեր երիտասարդության օրերին նրա արվեստը Դուք անախրոնիզմ չէի՞ք համարում, - հարցնում եմ:
- Բա՛ն ասացիր, - պատասխանում է Վարպետը, - այդ ժամանակ ինձ և ընկերներիցս մի քանիսի համար անախրոնիզմ էին թվում պոստիմպրեսիոնիստները, Գոգենն ու Վան Գոգը: Ո՛ւր մնաց, թե Այվազովսկին անախրոնիզմ չլիներ մեզ համար: Հետո կամաց-կամաց սկսեցի հասկանալ, և գնալով ավելի ու ավելի համոզվեցի, որ Այվազովսկու ստեղծագործությունը մեծ ֆունկցիա է կատարել և՛ իր կենդանության օրոք, և՛ այնուհետև: Այժմ էլ կատարում է: Գեղարվեստական բարձր մակարդակով, տեխնիկական բացառիկ հմտությամբ նրա մարմնավորած հույզերն ու գաղափարները, մտորոմներն ու իդեալները այսօր էլ արդիական են, շա՛տ արդիական:
- Այնուամենայնիվ, նրա ստեղծագործական մեթոդը, ոճաձևաբանական սկզբունքը, արդեն անցած էտապ, ժամանակավրեպ չէի՞ն իր ապրած օրերի համար, - նորից ու նորից համառում եմ ես:
- Դու գտնում ես, որ Այվազովսկու ռոմանտիզմը և ապա ռեալիզմը նեոկլասիկական-ակադեմիական հիմք ունեն, ճի՞շտ է:
- Ո՛չ միայն հիմք, - պատասխանում եմ, - այլև բնույթ, ընդհանուր ուղղվածություն:
- Թերևս այդպես է: Դա սխալ բնութագրություն չէ: Անտարակույս, նրան, այսպես ասած, մաքուր ռոմանտիկ կամ ռեալիստ չես համարի (Դելակրուա, Կուբրե կամ սերով և` Այվազովսկի …): Այո՛, - ակադեմիական ռոմանտիզմ, ակադեմիական ռեալիզմ: Բայց դրանից չի հետևում, թե նրա գործերը, իրենց ստեղծման օրերին և հետո, անցած-հնացած, ժամանակավրեպ էին: Նրա գործերի պահանջը կա՛ր: Դրանք շատ ու շատ մարդկանց համար սիրելի գործեր էին: Ուրեմն, նրա արվեստը հենց իր` քո ասած հիմքով ու բնույթով հանդերձ հնացած չէր, որովհետև կրկնություն չէր: Եթե այն նեոկլասիցիզմի, ակադեմիզմի կրկնություն լիներ` արվեստային արժեք չէր ունենա ու հետաքրքրություն չէ՛ր էլ առաջացնի ճաշակի և ոչ մի միջավայրում: Առհասարակ, լա՛վ իմացիր, անախրոնիկ միջոցներով արվեստ չես ստեղծի, եթե նույնիսկ, ասենք, Ռեմբրանդտի հանճարով ես օժտված: Եվ ոչ ոք այդպիսով արվեստ չի ստեղծել, արհեստի մակարդակից վեր չի բարձրացրել: Իսկ Այվազովսկու ստեղծածը, կրկնում եմ, արվե՛ստ է, արվեստային է` ուրե՞մն …
Դավիդի գործերը ակադեմիական էին, իսկ Այվազովսկունը` ակադեմիական-ռեալիստակա՛ն: Հիմա դու կասես, թե Այվազովսկու ստեղծագործական կյանքի երկրորդ (հենց ակադեմիական ռեալիզմի) շրջանում ինքը` բուն ռեալիստական ուղղությունն էլ անցած էտապ էր և իր ավանգարդային դիրքերը զիջել էր իմպրեսիոնիզմին: Բայց այն, որ Այվազովսկու նկարչությունը գեղարվեստական արդյունքի էր հասնում` նշանակում է, թե ակադեմիական ու նոեկլասիկական տրադիցիան, որպես ստեղծագործական ճանապարհ, դեռևս չէր սպառել նորովի բացահայտվելու ու դրսևորվելու իր հնարավորությունները: Այվազովսկին ապացուցեց դա` այդ ճանապարհով ընթանալիս երևան հանելով նոր ուղիներ, ձեռք բերելով նոր արժեքներ: Ես այդպես եմ տեսնում նրա ստեղծագործական կյանքը: Եվ հետո` հո չե՛նք կարող բոլորից (տվյալ դեպքում Այվազովսկուց) պահանջել ռևոլյուցիոներ, մոդեռնիստ, նորարար լինել: Բացի այդ, հիշիր, որ Այվազովսկուն ժամանակակից հենց ֆրանսիական ավանգարդիստներից շատերը` իմպրեսիոնիստներ, ապա սիմվոլիստ-սինթետիստներ և այլ պոստիմպրեսիոնիստներ ստեղծեցին գեղարվեստական ոչ մի արժեք չներկայացնող կամ աննշան արժեք ներկայացնող աշխատանքներ: Այվազովսկու գործերի արժեքն ո՜ւր, դրա՛նցն ուր:
No comments:
Post a Comment