Wednesday, February 20, 2013

Զևսի Զոհարանը

Պերգամոնի թագավորությունը (Փոքր Ասիայում) հելլենիստական կենտրոններից էր, որի մայրաքաղաք Պերգամոնում, Ակրոպոլիսում, կառուցվեց «Զևսի Զոհարանը» (մ.թ.ա. 180-160 թթ.):



Վերջինս մի վիթխարի կառույց էր` ասես խորհրդանշում էր Պերգամոնի հզորուոթյունը: Զոհարանի գետնախարիսխը (ցոկոլը) գոտևորված է քանդակային եզրազարդի հսկա ժապավենով, որտեղ պատկերված է աստվածների և հսկաների ճակատամարտի վիթխարի դյուցազներգությունը: Այն ստեղծվում է գալատների բարբարոս ցեղերի դեմ պերգամոնցիների հաղթական պայքարից հետո, բայց շատ է դուրս եկել նեղ-ժամանակային և տեղական նշանակության սահմաններից:
Եզրազարդի ամբողջ երկարությամբ (երկարությունը` 120մ, բարձրությունը` 2,3 մ) ծավալվում են աստվածների դեմ ապստամբած հսկաներին ճնշելու պատմական միջադեպերը: Եզրազարդի սալերը ծածկված են բարձրաքանդակ պատկերներով: Զոհարանի արևելյան կողմում պատկերված են մարտի գլխավոր հերոսները` Զևսը, Աթենասը, Ապոլլոնը: Կռվող երկու կողմերը տեղաբաշխված են այնպես, որ ստեղծվում է մարտում հակառակորդների պատկերների միահյուսման տպավորություն: Եվ միևնույն ժամանակ նրանում համարձակորեն առանձնացված են հաղթողները և պարտվողները:
Պերգամոնյան եզրազարդում առավել լիակատարությամբ արտահայտվեց հելլենիստական արվեստին յուրահատուկ կերպարների վիթխարիությունը, դրանց գերմարդկային ուժը, բուռն դինամիկան, դրամատիզմը: Եթե դասական դարաշրջանի կոմպոզիցիաները մարդու մեջ ստեղծում էին խաղաղ վստահություն իր ուժերին, ապա Պերգամոնյան զոհարանի վիթխարի կերպարները կոչված են ցնցելու մարդուն, նրան ստիպելու զգալ իր թուլությունը բարձրագույն ուժերի առջև:


No comments:

Post a Comment